img +374 10 341 774
info@pog.am
img Հայաստան, 0078, Երևան, Մարգարյան փող., 6/2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
  • Հետևեք մեզ :
Ծննդաբերության նախանշանները և փուլերը
9th Oct

2015

Ծննդաբերության նախանշանները և փուլերը

Ծննդաբերությունն սկսվելուց մեկ ծաբաթ առաջ պտղի գլուխը իջնում է արգանդի ստորին հատված, ազդում է մկանների, կապանների և նյարդերի վրա: Դա հանգեցնում է թույլ ցավերի առաջացման, հաճախամիզության, դրա հետ մեկտեղ նկատվում է պտղաջրերի հետծծման ուժեղացում, հղի կնոջ քաշի պակասում, լորձային խցանի հեռացում: Այս բոլոր նշանները կոչվում են ծննդաբերության նախանշաններ:

Ծննդաբերություն

Տարբերում են ծննդաբերության 3 շրջան` բացման (լատենտ և ակտիվ ենթափուլեր), արտամղման և ընկերքային:
Պտղի ծնվելու համար հարկավոր է արգանդի վզիկի կարճացում, լայնացում և լրիվ բացում: Լատենտ փուլը նշանակում է վզիկի նախապատրաստում, ակտիվը` վզիկի բացում, լայնացում: Այնուհետև սկսվում է պտղի արտամղման փուլը` վզիկի լրիվ բացման (10 սմ) պայմաններում կծկանքների և ճիգերի ազդեցության տակ: Պտղաջրերը նորմայում պետք է արտահոսեն առաջին շրջանի վերջում, երբ կա լրիվ կամ լրիվին մոտ արգանդի վզիկի բացում:
Բեղմնավորումից 9 օրացուցային կամ 10 մանկաբարձական ամիս կամ 280 օր հետո պտուղը ծնվում է: Այսպիսով ծննդաբերությունը սկսվում է կանոնավոր կծկանքներով, որոնք բերում են արգանդի վզիկի բացմանը: Երկրորդ շրջանում ճիգերի և կծկանքների օգնությամբ արտամղվում է պտուղը: Երրորդ շրջանում անջատվում է ընկերքը և ծնվում է:

Կծկանքները տևում են 60-90 վայրկյան և կրկնվում են յուրաքանչյուր1-2 րոպեն մեկ անգամ:

Առաջին շրջանը ամենաերկարն է, տևում է մոտ 12-14 ժամ առաջնածինների և 7-8 ժամ կրկնածինների համար: Այն ֆիզիկապես և հոգեպես ամենածանր շրջանն է: Կծկանքների ժամանակ ցավերը մեղմելու համար հղին կարող է ազատ տեղաշարժվել, ընտրել առաջարկվող դիրքերից այն, որն ավելի հարմար է, որը և կնվազեցնի ցավը:
Երկրորդ շրջանը տևում է մոտավորապես 40-50 րոպե առաջնածինների և 25-30 րոպե` կրկնածինների համար: Երրորդ շրջանը տևում է մինչև 30 րոպե, սովորաբար 5-10 րոպե: Ցավերը մեղմելու և ծննդաբերությունն արագացնելու համար ծննդաբերը կարող է ընդունել իրեն հարմար դիրքը:

Ծննդաբերության փուլերը

Որպեսզի երեխան կարողանա լույս աշխարհ գալ բնական ճանապարհով, անհրաժեշտ է երեք նախապայման` ծննդաբերական արդյունավետ ցավեր, արգանդի վզիկի նորմալ բացում և երեխայի առաջ շարժում մոր ծննդաբերական ուղիներով: Երկունքի ցավերը առաջացնում են արգանդի վզիկի աստիճանական բացում, որը առաջնածինների մոտ տևում է 12-14 ժամ, իսկ կրկնածինների մոտ` 7-8 ժամ: Արգանդի վզիկը բացվում է 10-12 սմ և պտուղը լույս աշխարհ է գալիս:

Ծննդաբերությունը 3 փուլ ունի. բացման, արտամղման և ընկերքային:

Առաջին փուլ

Ծննդաբերության սկզբում արգանդի վզիկը փակված է, հետո քիչ-քիչ բացվում է: Դրանից հետո երեխան արդեն կարող է սկսել առաջ շարժվել կոնքի խոռոչով, ծննդաբերական ուղիներով:

Ծննդաբերության տևողությունը կախված է արգանդի վզիկի բացվելու տեմպից: Իսկ այդ պրոցեսն իր հերթին կախված է երեք հանգամանքից` երկունքի ցավերի արդյունավետությունից, այն դիրքից, որտեղ գտնվում է երեխայի գլուխը մոր արգանդում և նախորդ ծննդաբերությունների թվից:

Սովորաբար առաջին ծննդաբերության ժամանակ արգանդի վզիկը բացվում է 1 ժամում մոտավորապես 1 սմ, իսկ հաջորդ ծննդաբերությունների ժամանակ` 1 ժամում 1,5 սմ: Արգանդի վզիկը լրիվ բացված է համարվում 10 սմ-ի դեպքում:

Երկունքի ցավերը, որ սկզբում շատ ուժեղ ու հաճախակի չէին, առաջին փուլի վերջում սաստկանում են և դրանց միջև ընդմիջումը համարյա անհետանում է: Երբ երկունքի ցավերը կրկնվում են ամեն 20-30 րոպեն մեկ և տևում 10-15 վայրկյան, հարկավոր է ծննդատուն գնալ:

Առաջին փուլի վերջում սկսվում է անցումային փուլը, որը կարող է տևել մի քանի րոպե կամ մեկ ժամի չափ: Այդ ընթացքում երեխան շարժվում է ծննդաբերական խողովակով, և մայրը ճնշում է զգում ուղիղ աղիքի և կոնքի հատակի մկանների վրա: Ճնշումը ստիպում է ճիգեր գործադրել և արտամղել պտուղը:

Ինչպես հաղթահարել երկունքի ցավերը ծննդաբերության առաջին շրջանում

Աշխատեք գտնել մարմնի այնպիսի դիրք, որ պտղի համար հարմար լինի: Կան բազմաթիվ դիրքեր: Ամենահարմարն այն դիրքն է, երբ դուք կանգնած եք ոտքերը հեռու տարածած և առաջ եք թեքվում այնպես, որ արգանդը ողնաշարից որքան հնարավոր է հեռու լինի: Առաջին շրջանում երկունքի ցավերի ժամանակ կարելի է նաև ամուսնուն հենվել կամ ծնկի իջնել, իսկ գլուխն ու ձեռքերը դնել աթոռի վրա դրած բարձին: Եթե դժվար է այդ դիրքում մնալը, չորեքթաթ իջեք և պտուղը գոտկատեղը չի ճնշի: Երկունքի ցավերի հաճախացման ժամանակ ավելի հարմար է հենվել լայնորեն բացված ծնկների վրա, իսկ ձեռքերով և կրծքով հենվել բարձերի վրա` կարծես դրանք գրկելով:

Երկրորդ փուլ

Հենց որ արգանդի վզիկը լրիվ բացվի, և սկսվեն ճիգերը, պտուղը ճիգերի և կծկանքների ազդեցության տակ դուրս կհրվի ծննդաբերական ուղիներից: Սովորաբար 2-րդ փուլը երկար չի տևում` կես ժամից մինչև 2 ժամ: Ծննդաբերության ընթացքում պտղի գլուխը կատարում է մի շարք պտտական և համընթաց շարժումներ, որպեսզի հարմարվի կոնքի խոռոչի չափերին, ընդ որում` գլուխը փորձում է իր ամենափոքր չափերով անցնել կոնքի ամենալայն հատվածով, սովորաբար ծոծրակային մասը առաջ պահած:

Այդ դիրքը գրավելու համար նա գլուխը թեքում է, կզակը կպցնում կրծքին: Հենց երեխայի գլուխը հասնի հեշտոց, մանկաբարձուհին ծննդկանին կխնդրի հաճախակի շնչել և դադարել ճիգ գործադրել, որպեսզի գլուխը հնարավորություն ունենա հնարավորության սահմաններում դանդաղ դուրս գալ: Այս ընթացքում շեքի մաշկն ու մկանները ձգվում են, և երեխայի գլուխը հանգիստ դուրս է գալիս: Եթե շեքի պատռվածքի վտանգ առաջանա, փոքրիկ կտրվածք կանեն շեքի վրա: Գլուխը դուրս գալուց հետո երեխայի մարմինը շատ արագ դուրս կգա:

Հենց փոքրիկը ծնվի, նրան վեր կբարձրացնեն, որ տեսնեք նրան: Պորտալարը կսեղմեն հատուկ սեղմակով, և մանկաբարձուհին կստուգի երեխային, որ համոզվի` ամեն ինչ կարգին է և նա շնչում է, որից հետո երեխային կդնի մոր կրծքին:

Երրորդ փուլ

Ծննդաբերության վերջին փուլն է, որը տևում է մինչև կես ժամ: Այս ընթացքում ընկերքն անջատվում է և ծնվում: Այդ անջատումն արագացնելու համար անհրաժեշտության դեպքում հատուկ ներարկում է կատարվում, օրինակ` օքսիտոցին: Մանկաբարձուհին կստուգի, թե արդյոք ընկերքը լրիվ է դուրս մղվել: Եթե կտրվածք է արվել, անպայման կկարեն:

Տարածել :