img +374 10 341 774
info@pog.am
img Հայաստան, 0078, Երևան, Մարգարյան փող., 6/2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
  • Հետևեք մեզ :
Մոր և մանկան համատեղ կեցություն
9th Oct

2015

Մոր և մանկան համատեղ կեցություն

Հետծննդյան է կոչվում ծննդաբերությանը հաջորդող 6-8 շաբաթվա ժամանակահատվածը: Այդ ընթացքում մոր օրգանիզմում, հոգում բավական մեծ փոփոխություններ են կատարվում: Դա գերզգայունության շրջան է, որը պայմանավորված է նոր իրավիճակին հարմարվելու անհրաժեշտությամբ. ամեն ինչ նոր է, օրգանիզմի հորմոնները վերակառուցվում են, մոր կողքին է փոքրիկը, որը շատ ուշադրություն, խնամք է պահանջում: Կանայք տարբեր կերպ են հարմարվում այս շրջանին, մի քանիսը բացարձակապես անուժ են, շատ են քնում: Մյուսները էյֆորիայի մեջ են ընկնում, չեն կարողանում աչք կտրել փոքրիկից: Բուժքույրը և բժիշկը հետևում են , որ մայրը լավ հանգստանա՝ հղիության, ծննդաբերության հետ կապված լարվածությունը մեղմանա, ջերմությունը չբարձրանա, արտադրությունը շատ չլինի և այլն: Բուժաշխատողն օգնում է մորը՝ երեխային կերակրելիս, խորհուրդներ տալիս՝ ինչ պետք է անել, որ կրծքի կաթը շատ լինի, և մայրը խուսափի կրծքերի բորբոքումից:

Մոր և մանկան համատեղ կեցություն (Rooming-in)

Տարիներ առաջ ընդունված էր, որ ծննդաբերությունից հետո ծննդատանը նորածինը առանձին սենյակում է գտնվում, և մայրը յուրաքանչյուր 2 կամ 4 ժամը մեկ էր տեսնում նրան՝ կերակրելու համար: Հարազատները փոքրիկին տեսնում էին միայն տուն գնալուց հետո: Այդպես էին վարվում՝ սանիտարա-հիգիենիկ պահանջներից ելնելով: Ներկայումս իրավիճակն արմատապես փոխվել է: Մոր և մանկան համատեղ կեցությունը Հայաստանում կիրառվում է 1994-ից: Այժմ Հայաստանի բոլոր ծննդատներում երեխան 24 ժամ մոր հետ միասին գտնվում է նույն սենյակում, եթե չկա դրան խանգարող լուրջ պատճառ՝ մոր և երեխայի առողջության հետ կապված: Մոր և մանկան միասին գտնվելն ունի մի քանի առավելություններ.

Մայրը արագ և լավ է ճանաչում երեխային, նրա պահանջմունքները:
Առաջնածին մայրերն ավելի վստահ են լինում երեխայի հետ հարաբերություններում, քանի որ նրան փաթաթվելու, լողացնելու, հագցնելու հնարավորություն ունեն: Այդ ընթացքում անհետանում է մոր վախը, թե չի կարողանա լավ կատարել իր պարտականությունները: Եթե կարիք կա, օգնում է բուժքույրը:
Նորածնի աճն արագանում է. նա հաճախ է ժպտում, ավելի քիչ լալիս, քան առանձին սենյակում գտնվող երեխաները:
Համատեղ կեցությունն օգնում է հեշտ հարմարվելու կրծքով կերակրելուն, քանի որ մայրը կարող է փոքրիկին կերակրել այն պահին, երբ նա քաղցած է: Դա խթանում է կաթնարտադրությունը, բացի այդ, մեծանում է մոր՝ կրծքով և ոչ շշով կերակրելու ցանկությունը:
Ամրակայվում է երեխայի վստահությունը, քանի որ մայրը նրան կերակրում է լաց լինելու առաջին իսկ պահին: Փոքրիկներն իրենց սիրված և հասկացված են զգում:
Այս մեթոդը դրական ազդեցություն ունի նաև հետծննդյան դեպրեսիայի վերացման համար, քանի որ հորմոնալ փոփոխություններից բացի, անհետանում է նաև դեպրեսիայի պատճառը՝ երեխայի համար տագնապն ու վախը, երբ փոքրիկը մորից առանձին է:

Տարածել :